Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր...»,- նշել է Միլիտոնյանը:
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: