1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին: Այդ օրը տարբեր հասարակական կազմակերպություններ իրականացնում են միջոցառումներ հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ: Բոլոր երկրներում էլ կան հաշմանդամություն ունեցող անձինք, և սխալ է որևէ ֆիզիկական արատի պատճառով նրանց տարանջատել հասարակությունից: Հայաստանում հաշմանդամների թիվը հասնում է մոտ 177.000-ի: Գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ փորձում են ամեն կերպ բարձրացնել հաշմանդամների խնդիրները՝ դրանց լուծման հարմար միջոցներ առաջարկելով: