Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 250 հայազգի մտավորական։ Մեծ եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:
Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանն արգելք էին երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջումը, ֆիզիկական ոչնչացումը։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 235 մտավորական, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Նրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։
Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1.000.000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կոտորվեց 66 քաղաքի և մոտ 2500 գյուղի հայ բնակչություն։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների՝ նահատակվեց 500.000 - 1.500.000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների՝ զոհերի թիվը կազմել է մոտ 1.200.000:
1965թ.` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում` Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 1995թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը։