Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում՝ ք․ Ստեփանավան Գ․ Նժդեհ փողոց թիվ 5 հասցեում: Այն իր դռները այցելուների առջև բացել է 2015թ-ին:
Ինքնուս վարպետ ու ճանաչված արվեստագետ նկարիչ, խեցեգործ և քանդակագործ Սահակ Սահակյանը ծնվել է 1929 թ. Ստեփանավանում, հողագործի ընտանիքում, նրանց տունը Սլաբոդկա թաղամասի մոտակայքում է եղել, դեպի Սուրբ Նշան մատուռի ճանապարհին:
Նա ստեղծել է գրական կերպարների մի ամբողջ քանդակաշար, սպառիչ ու վառ բնութագրումներով, դեպքերի, բնավորությունների, կերպարների իսկական հանդես, որոնց բնորդները ապրում են Հովհաննես Թումանյանի , Հակոբ Պարոնյանի, Յարոսլավ Հաշեկի անմահ էջերում:
Վարպետը մշտապես առաջնորդվել է լոռեցի վարպետ Գալոյի պատգամով. «Ամեն մարդ պետք է իրենից հետո թողնի գեղեցիկ գործեր»: Այս պատգամին հավատարիմ` նա ստեղծագործական իր լիցքերի համար անսպառ ակունք է համարելՄեծն լոռեցու` Հովհաննես Թումանյանի կերպարները: «Նա, կարծես, կերպարները քանդակված քեզ է հրամցնում: Մնում է միայն կավը վերցնես ու քո ձեռքով քանդակես»,- ասում էր վարպետը: Իրոք որ, մի իսկական մարդկային կատագերգություն՝ կավե մանրաքանդակների լեզվով:
Սահակի արվեստում շատ բան է թատրոն հիշեցնում, հատկապես փայտե տիկնիկները, զուգված, զարդարված մեր ազգային տարազներով:
Սահակ Սահակյանի ժառանգները իրենց հոր հրաշալի արվեստի գործերը նվիրաբերել են Ստեփանավան համայնքին:
Սահակ Սահակյանը մահացել է 2010 թվականին։
Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը գտնվում է Ստեփանավան քաղաքի հրապարակում: Ստեփան Շահումյանը,ով Թիֆլիսի Ռեալական ուսումնարանի սան էր, 1895 թվականի ամռանը իր ընկերոջ՝ Վասիլ Սիմոնյանի հրավերով գալիս է Ջալալօղլի (Ստեփանավան), որտեղ էլ հետագայում՝ 1899թ.-ին հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը: Այստեղ նա ծանոթանում է Եկատերինա Տեր- Գրիգորյանի հետ, ով հետագայում դառնում է նրա կինը:
1923թ.-ին ընդառաջելով ջալալօղլեցիների՝ խմբակի հիմնադիր և ղեկավար Ստեփան Շահումյանի նվիրական անունը հավերժացնելու ցանկությանը, Լոռու գավգործկոմը որոշեց Ջալալօղլին վերանվանել Ստեփանավան: Իսկ 1934 թ.-ի նոյեմբերի 29-ին Ստեփան Շահումյանի աներոջ տունը վերածվեց տուն-թանգարանի:
1978թ-ին Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կառուցվեց հուշահամալիր, որն իր մեջ ներառեց տուն-թանգարանի շենքը:
1991թ. Հայաստանի անկախացումից հետո, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերակազմավորվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի:
Թանգարանը ունի նաև պատմական արժեք: Այստեղ դուք կարող եք տեսնել հոգևոր, մշակութային նմուշներ,կավից, քարից,փայտից, մետաղից պատրաստված գործիքներ, կենցաղային առարկաներ,զենքեր, զարդեր,որոնք տալիս են լիակատար պատկերացում մեր նախնիների կյանքի, կենցաղի,մշակութային մակարդակի մասին:
Facebook
Location on Google Maps
YouTube