Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Պայմանավորված Տիրոջ և վարդի միջև անցկացվող համեմատությամբ՝ տոնը կոչվեց Վարդավառ: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում նախքան բացվելը, այդպես էլ նախքան պայծառակերպվելը Տերը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը, որը բացվում է` հայտնապես երևալով բոլորին, այդպես էլ մեր Տերն, այսօր պայծառակերպվելով, հայտնում է Իր Աստվածությունը:
Նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը, քանի դեռ կոկոն է, ոչ իր գեղեցկությունը և ոչ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես փթթում է և իր գույնով ու բույրով ուրախացնում մարդկանց: Ահավասիկ այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ կոկոնի նման և ապա ծնվելով՝ աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, հասնելով կատարյալ հասակին՝ նշաններով ու սքանչելիքներով հայտնվեց մարդկանց:
Վարդավառը տոնվում է Հարությունից ու Համբարձումից հետո, քանի որ մեռյալները հարություն առան, մտան քաղաք և շատերին հանդիպեցին. ժողովուրդը հավատաց, որ Վարդապետը բերել է Եղիային և Մովսեսին ու հարություն տվել: Իսկ երբ տեսան կատարվածները` երկրաշարժը, արեգակի խավարումը, Տիրոջ Հարությունը և Սուրբ Հոգու գալուստը, հավատացին, որ Տերը պայծառակերպվել է: