Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
25.11.2013թ.

Նոյեմբերի 25-ին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ղեկավարությամբ Ստեփանավանի քաղաքապետարանում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Այսօր Ստեփանավանից մի քանի երեխաներ մասնակցում են Վանաձորում կայանալիք «Միսս և միստր աշխարհ 2014» գեղեցկության և նրբագեղության մրցույթի մարզային փուլին,- տեղեկացրեց մշակույթի բաժնի պետը, ՆՈՒՀ-երում էլ սկսել են պատրաստվել ամանորյա հանդեսների: Կկազմակերպվի համաքաղաքային միջոցառում` նվիրված երկրաշարժի 25-րդ տարելիցին:
Քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կտեղադրվեն հակահրդեհային համակարգեր: 2014թ.-ի համայքնային բյուջեով որոշակի գումար կհատկացվի ներհամայնքային մի քանի կամուրջ-ճանապարհների բարեկարգման և հեղեղատարների մաքրման համար: Շաբաթվա ընթացքում կսկվի ծառերի աշնանային էտման աշխատանքները: Կտրված չոր ճյուղերը քաղաքապետի հանձնարարությամբ կհատկացվեն սոցիալապես անապահով ընտանիքներին:
Բաղրամյան 111 շենքի նկուղը ջուր է լցվում: Շենքի բնակիչները դիմել են քաղաքապետարան` ակնակալելով աջակցություն: Քաղաքապետը պահանջեց բնակիչներին բացատրել, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է սովորի հոգալ իր տան, իր շենքի կարիքները: Բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է սովորեն միասին լուծել սեփական բնակարանային խնդիրները:
Ընթացիկ շաբաթվա մեջ կկայանա նաև Ստեփանավանի նոր կազմավորված հանրային խորհրդի անդրանիկ նիստը, որը կքննարկի համայնքի 2014թվականի բյուջեի նախագիծը:
Եվ վերջում ուրախալի լուր. Հայաստանի սոցներդրումնների հիմնադրամի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կհիմնանորոգվի Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 դպրոցը: Կապիտալ հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2014թվականի գարնանը, իսկ հիմա պետք է սկսել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:Դպրոցը կապահովվի նաև նոր գույքով, դպրոցի վերանորոգված մի մասնաշենքում էլ կտեղակայվի թաղամասի ՆՈՒՀ-ը, որը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
18.11.2013թ.

Նոյեմբերի 18-ին Ստեփանավանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոստոմ Քոչարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի առանցքային հարցը 2014թ.-ի բյուջեի նախագծումն էր, հաջորդ տարվա սեփական եկամուտների և ծախսերի քննարկումը: Մինչև ամսվա վերջ քաղաքապետարանի աշխատակազմի յուրաքանչյուր բաժին ֆինանսական բաժնին պետք է ներկայացնի 2014թ.-ի համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը` նախատեսելով եկամուտները:
-Տարին մոտենում է ավարտին, իսկ դա նշանակում է, որ գանձումների բաժինը առավել ակտիվ պետք է աշխատի ` ապահովելով 2013թ.-ի սեփական եկամուտների կատարումը,-նշեց Ռ. Քոչարյանը: Մինչ այժմ Ստեփանավան համայնքի 2013թ.-ի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 94 %-ով:
Համայնքին խոշոր պարտք ունեցող սեփականատերերին նորից կուղղարկվեն ծանուցագրեր և նախազգուշացումներ` մինչև տարեվերջ համայնքային բյուջեին ունեցած պարտքը մարելու մասին, այլապես գործը կտրվի դատարան:
Քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցները շարունակում են հետևել քաղաքի կենտրոնական փողոցներից անշուք վագոն տնակների հեռացմանն ու փողոցների արտաքին տեսքի բարելավմանը: Քննարկվեցին նաև համայնքային գերեզմանատների պահպանության և դրանց վիճակի բարելավման հետ կապված մի շարք հարցեր:
Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժինն էլ ներկայացրեց, որ անցած շաբաթվա ընթացքում քաղաքի բոլոր ՆՈՒՀ-երում ցուցադրվել են անվճար տիկնիկային ներկայացումներ` Ստեփանավանի մշակույթի պալատի տիկնիկային խմբի մասնակցությամբ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11.11.2013թ.

    Նոյեմբերի 11-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն այս անգամ վարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոստոմ Քոչարյանը, քանի որ քաղաքապետը գտնվում է արձակուրդի մեջ: Այօրվա խորհդրակցությունը տարբերվում էր մյուս խորդակցություններից. օրը տոնական էր, շնորհավորելու առիթները` շատ: Ռոստոմ Քոչարյանը և աշխատակազմի քարտուղար Մելանյա Ղազարյանը նախ շնորհավորեցին քաղաքապետարանի աշխատակազմին տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 17-ամյակի առթիվ, ապա աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորանքի ուղերձը` ուղղված Լոռու մարզի տեղական ինքնակառավարման ոլորտում ընդգրկված ավելի քան 3400 աշխատողներին:
Հաջորդ նորությունն իսկապես շնորհավորանքի առիթ էր ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի, այլ նաև ամբողջ Ստեփանավանի ու ինչու չէ նաև Լոռու մարզի համար: Նոյեմբերի 10-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայացած «Լավագույն համայնք 2013» մրցանակաբաշխության ժամանակ, որը հայտարարել էին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը ու Հայաստանի համայնքների միությունը, Լոռու մարզի Ստեփանավան համայնքը հաղթող է ճանաչվել «Կանաչապատ համայնք 2013» անվանակարգում` փաստորեն դառնալով Հայաստանի Հանրապետության 2013թ. լավագույն կանաչապատ քաղաքը: Մրցանակը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Քոչարյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Ուրախ լուրերից ու շնորհավորանքներից հետո աշխատանքային խորհդակցությունը վերդարձավ իր սովորական օրակարգին: Քննարկվեցին նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքացիների կողմից եղած դիմումներն ու առաջարկները, 2014թ.-ի բյուջեի նախագծման, սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցեր: Առաջարկ եղավ առաջիկայում ստեղծել համատիրություններ: Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասրդության և հասարակության հետ կապերի բաժինն էլ տեղեկացրեց, որ ներկայումս քաղաքում ընթանում են շախմատի միջդպրոցական մրցումներ, իսկ առաջիկայում պատրաստվում են անցկացնել Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված երգի և ասմունքի համաքաղաքային մրցույթ-փառատոն:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
04.11.2013թ.

Նոյեմբերի 4-ին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացրեց գանձումների բաժնի պետը` հոկտեմբեր ամսին Ստեփանավան համայնքի եկամուտների հավաքագրումը կատարվել է 92.3%-ով, որը կազմում է շուրջ 6մլն. 864հազար դրամ: Քաղաքապետը հանձնարարեց շարունակել եկամուտների հավաքագրումը` առաջիկայում շեշտը դնելով հատկապես փոխադրամիջոցների գույքահարկի ճշտումների վրա:
Աուդիտորական ստուգումները հասել են համայքնային ենթակայությամբ գործող մարզադպրոց և գրադարան, որոնք սակայն չունեն համայքայնին, ոչ առևտրային կազմակերպության` ՀՈԱԿ-ի կարգավիճակ: Կազմակերպությունները պետք է համայնքի ավագանու առաջիկա նիստին ավագանու քննարկմանը ներկայացնեն ՀՈԱԿ դառնալու կանոնադրություննները: Իսկ համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում արդեն սկսվել են աշնանյին հանդեսները:
Քաղաքաշինության, քաղաքային տնտեսության, առևտրի և տրանսպորտի բաժնին հանձնարարվեց կազմել հանձնարարակններ` համայնքի տարածքում գործող խանութներում հերթական ստուգայցեր կատարելու համար, հետևել, որպեսզի համայնքի տարածքում գործող առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտներում պահպանվեն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները և սպառողի իրավունքներն ու շահերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց համատիրություններ և ավագանուն կից հանրային խորհուրդներ կազմավորելու հարցը: Անդրադարձ եղավ նաև ՏԻՄ առաջիկա ընտրություններին: Դեկտեմբերի 8-ին Ստեփանավանում կկայանա համայնքի ավագանու ընտրություն: Նախկին 11-ի անդամի փոխարեն Ստփանավանի նորընտիր ավագանին կունենա 15 անդամ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
30.09.2013թ.

    Սեպտեմբերի 30-ին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Նախ անդրադարձ կատարվեց շաբաթվա ընթացքում քաղաքացիների կողմից եղած դիմումներին և գրություններին, որոնց առնչությամբ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, ապա բաժինների պետերը ներկայացրեցին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքերի ընթացքը: Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակության հետ կապերի բաժնի պետը ներկայացրեց Ստեփանավանի երաժշտական և արվեստի դպրոցներում անցած շաբաթվա ընթացքում հանրապետության առաջատար մասնագետների կողմից ազգային լարային և փողային նվագարանների ուսուցման ծրագրով անցկացված երաժշտական լսումների արդյունքերը, որոնք մասնգետների կողմից գնահատվել են բավականին բարձր: Քաղաքաշինության և քաղաքային տնտեսությանն բաժինն արդեն սկսել է քաղաքի փողոցների բաց, վնասված և վթարված դիտահորերի կապիտալ աշխատանքների իրականացումը: Քաղաքապետը նշեց, որ ինքն անձամբ լինելու է փողոցներում, հետևելու կատարվող աշխտանքերին: Շարունակվում են քաղաքի մայր գազատար խողովակների ուղղման և ներկման աշխատանքները: Քաղաքապետարանի աուդիտորներն էլ ավարտել են թիվ 4 ՆՈՒՀ-ի աուդիտորական ստուգումները, ամեն ինչ ընթացել է ըստ պատշաճի, հաշվետվությունը կներկայացվի առաջիկայում: Գանձումների և եկամուտների բաժնի պետի տվյալներով` սեպտեմբեր ամսվա ընթացքում Ստեփանավան համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 92տոկոսով, որը կազմում է շուրջ 4մլն. 550հազար դրամ: Քաղաքապետը հանձնարարեց ֆինանսների բաժնի պետին կատարել անհրաժեշտ ֆինանսական փոխանցումներ «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին ` ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներին ժամանակին և պատշաճ պատրաստվելու նպատակով:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
23.09.2013թ.

    Սեպտեմբերի 23-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում օրակարգային առաջին հարցը կրկին սեփական եկամուտների հավաքագրումն էր: Գանձումների և եկամուտների բաժնի պետը զեկուցեց, որ ամեն ինչ ընթանում է նախատեսվածի համաձայն և մի բան էլ ավելին` անցած շաբաթ մեկ օրվա ընթացքում գանձողների խումբը միայն Արմանիս թաղամասից կատարել է 200000 դրամի սեփական եկամուտների հավաքագրում: -Ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող մի խումբ քաղաքացիների ուղղարկվել են հիշեցում-նախազգուշացումներ, որ հարկը չմուծելու դեպքում ստիպված կլինեն գործ ունենալ դատարանի հետ,-նշեց քաղաքապետարանի իրավաբանը: Քաղաքաշինության բաժնի պետը քաղաքապետին ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում Ստեփանավանի թաղամասերում բաց, վնասված և վթարված դիտահորերի հետ կապված ուսումնասիրությունը. Ստեփանավանի մի շարք փողոցներում, որտեղ «Հայջրմուղկոյուղու» կողմից նախատեսված չեն ծրագրեր, քաղաքապետարնն առաջաիկայում ձեռնամուխ կլինի այդ փողոցների վնասված դիտահորերի ուղղման և հիմնանորագման կապիտալ աշխատանքների իրականցմանը: Քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժինն էլ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկներում իրականցնում է աուդիտորական ստուգումներ: Ներկայցվեցին թիվ 1 և թիվ 3 մանկապարտեզներում կատարված ստուգումների արդյունքները: Առաջիկա շաբաթվա ընթացքում ստուգումները կշարունակվեն քաղաքի մյուս մանկապարտեզներում ևս: Քննարկվեց նաև Աշոտաբերդ թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի շենքային և գույքային պայմանների բարելավման խնդիրը: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հանձնարարեց խիստ վերահսկողություն սահմանել բոլոր մանկապարտեզների հանդեպ` թե' սննդի, թե' սանիտարական մաքրության, թե' կարգապահության առումով, քանի որ հենց մանկապարտեզում են օրվա մեծ մասն անցկացնում, կրթվում ու դաստիարակվում քաղաքի փոքրիկները` Ստեփանավանի վաղվա քաղաքացիները: Պետք է դաստիարակել ուժեղ, մաքրասեր և կարգապահ քաղաքացիներ: Քաղաքապետարանը նախատեսում է պայմանագիր կնքել Տաշիրի «Դուստր Մելանիա» կաթնամթերքի գործարանի հետ, որի արդյունքում մանկապարտեզների սննդակարգում կավելացվի աճող օրգանիզմի համար անհրաժեշտ կաթնամթերքի քանակը. շաբաթական 2 անգամ մանկապարտեզի երխաներին կտրվի թարմ կաթնաշոռ և թթվասեր:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
17.09.2013թ.

Սեպտեմբերի 17-ին Ստեփանավանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվեցին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին քաղաքացիների կողմից եղած դիմումներն ու հարցերը, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարակններ: Քաղաքապետարանի իրավաբանին և գլխավոր ճարտարապետին հանձնարարվեց ճշտել համայնքի հողերի սեփականության հարցը. կան հողեր, որոնք սեփականաշնորհված չեն և ապօրինաբար օգտագործվում են նախկին սեփականտիրոջ ժառանգների կամ բոլորովին այլ մարդկանց կողմից, հարկավոր է պարզել արդյոք օգտագործողներն ունեն հողի սեփականության կամ վարձակալության վկայական, տվյալ հողատարածքի օգտագործման համար համապատախան հարկ մուծում են համայնքին, թե` ոչ: Եթե ոչ, ապա արգելել հողատարածքի ապօրինի օգտագործումը: Նմանատիպ խնդիր ունի նաև Արմանիսի «Սագամար» հանքաարդյունաբերական ֆաբրիկան, որն իր կողմից օգտագործվող ոչ բոլոր շինությունների համար է, որ ունի սեփականության վկայական: Հանձնարարվեց կարճ ժամանակամիջոցում լուծել խնդիրը: Քաղաքապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել քաղաքի արտաքին տեսքին, գովազային վահանակներին, առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների ցուցանակներին և արտաքին գովազդներին` արդյոք դրանք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին: Քաղաքի կենտրոնական փողոցներից էլ անհրաժեշտ է հեռացնել այդ փողոցների վրա տեղակայված և վաղուց արդեն չօգտագործվող, անշուք վագոն-տնակները: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նաև գերեզմանատների մաքրությանը: Քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնի պետը ներկայացրեց, որ համայնքի համար լուրջ խնդիր է դառնում գերեզմանատեղերի հարցը: Քաղաքի 2 գերեզմանատներում արդեն տեղ չկա, իսկ քաղաքից դուրս գտնվող Կիրովի գերեզմանատանը մարդիկ հրաժարվում են թաղումներ կատարել, քանի որ բավականին հեռու է քաղաքից և հետագայում դժվարություններ են առաջանում հարազատների շիրիմներն հաճախակի այցելելու համար: Հարկավոր է կատարել նոր քաղաքային գերեզմանատան հողատարածքի ուսումնասիրություն, որը կլինի քաղաքի տարածքում և կունենա գերեզմանների կառուցման համար անհրաժեշտ չափանիշներ: Շաբաթվա ընթացքում քաղաքաշինության բաժնի պետը պետք է ուսումնասիրի և առանձնացնի Ստեփանավանի այն թաղամասերը, որտեղ «Հայջրմուղկոյուղու» կամ այլ կազմակերպությունների կողմից նախտեսված չէ ջրագծերի և կոյուղագծերի հետ կապված որևէ ծրագիր, որպեսզի համայնքն առաջիկայում զբաղվի այդ թաղամասերում բաց, վնասված և վթարված դիտահորերի ուղղման և հիմնանորոգման կապիտալ աշխատանքներով: Քննարկվեց նաև Ձորագետի կիրճի հանգստյան գոտում «Գարդ» ընկերության կողմից նախատեսվող հանգստի տաղավարների և զրուցարանների կառուցման հարցը, ինչպես նաև «Էյ ԹԻ Փի» ընկերության կողմից բնապահպանական նպատակով քաղաքամերձ լճերի շրջակայքում և Ձախափնյա թաղամասում ծառատունկ և անտառապատման աշխատանքներ իրականացնելու հարցը: Քաղաքապետը հանձնարեց ստեղծել հանձնաժողով և շաբաթվա ընթացքում շրջել քաղաքի մանկապարտեզներով և մյուս բյուջետային հիմնարկներով` տեղում ծանոթանալով շենքային և այլ խնդիրներին: Մշակույթի բաժնին էլ հանձնարարվեց ըստ պատշաճի պատրաստվել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված տոնակատարությանը:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
09.09.2013թ.

Սեպտեմբերի 9 Ստեփանավանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Բաժինների պետերը քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին ներկայացրեցին անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները, քննարկեցին անելիքները: Գանձումների բաժնի պետ Արարատ Չերքեզյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հավաքագրված եկամուտների մասին: Ինչպես հանձնարավել էր նախորդ խորհրդակցության ժամանակ արդեն հստակեցվել են Արմանիս թաղամասի եկամուտների հավաքագրման բազայում եղած անճշտությունների մեծ մասը, այստեղ շաբաթվա ընթացքում աշխատում է համայնքի գանձողների խմբի 2 աշխատակից: Քաղաքաշինության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանը ներկայացրեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ Ստեփանավան համայնքի տարածքում համայնքին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքագրման աշխատանքների ընթացքը: 1999թ.-ից հետո Ստեփանավան համայնքից ոչ մի գույք փաստացի չի հանձնվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Այժմ կազմվում է 1999թ.-ից հետո համայնքում կառուցված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ցուցակը և դրանց տեխնիկական բնութագիրը` կից հավելվածի տեսքով: Գույքագրման ճշտությունը դրական աղդեցություն կունենա «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից համայքնի տարածքում հետագա ծրագրերով ներդրումներ կատարելու համար: Քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնին հանձնարարվեց նաև սկսել համայնքի բազմաբնկարան շենքերի տեխնիկական բնութագրերի կազմումը, այդ նպատակով շրջել բոլոր բազմաբնակարան շենքերով, տեղում ծանոթանալ իրավիճակին: Շաբաթվա ընթացքում քաղաքաշինության բաժնի աշխատակիցները պետք է հետևեն նաև քաղաքում իրականցվող բարեկարգման աշխատանքներին: Այս պահին Ստեփանավանի մի շարք փողոցներում իրականցվում է գազատար խողովակների ներկում: Քաղաքապետարանի գլխավոր իրավաբան Համլետ Մխիթարյանը խոսեց Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից դատարան ներկայացրած գործերի ընթացքի մասին: Հարկատու քաղաքացիների պարտաճանաչությունը բարձրացնելու նպատակով քաղաքապետը հանձնարարեց դատի տալ այն բոլոր անբարեխիղճ քաղաքացիներին, ովքեր համայնքին ունեն հողի հարկի,գույքահարկի մեծ պարքեր և նախազգուշացում ստանալուց հետո շարունակում են չմուծել: Ֆինանսական բաժնի պետ Թամարա Ղարիբյանն էլ առաջարկեց քաղաքապետարանի մյուս բաժիններին վերանայել պլանավորած ծախսերը, առաջիկայում քննարկել և ներկայացնել տարվա վերջին եռամսյակի համար հնարավոր փոփոխված, կանխատեսելի ծախսերը` բյուջեում անհրաժտ փոփոխություն կատարելու համար, ներառել նաև տարեվերջյան միջոցառումների համար անհրաժեշտ ծախսերը: Խորհրդակցույթան ընթացքում քննարկվեցին շաբաթվա ընթացքում բնակիչների կողմից քաղաքապետին և քաղաքապետարանին ուղղված տարբեր դիմումներ, որոնց կապակցությամբ կոնկրետ աշխատակիցների տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:



Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am