Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng
Աղետից հետո Ստեփանավանում կատարվեցին վերականգնողական բազմաթիվ աշխատանքներ, որոնց մասնակցեցին աշխարհի շատ երկրներ: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից Ստեփանավանին օգնություն ցուցաբերեցին Ռուսաստանը, Վրաստանը և Թուրքմենստանը:
Ռուսաստանի “ՆավթԳազՇին” արդյունաբերության մինիստրության համակարգում գործող տարբեր հանրապետություններից ժամանած 11 շինարարական կազմակերպություններ բազաներ տեղադրեցին Ստեփանավան քաղաքում: Վերակառուցման աշխատանքներ սկսելու համար քաղաք բերվեց մեծ թվով տեխնիկա: Լայնածավալ աշխատանքներ կատարվեցին Ձախափնյա թաղամասում` կառուցելով նոր բազմաբնակարան շենքեր: Ձորագետի ձախ ափի բնակարանաշինության 50%-ը կատարվեց Ռուսաստանի ուժերով: Փրկարարական աշխատանքներին, օգնությունների բեռնաթափման, տեղափոխման գործերին մասնակցում էին Մոսկվա, Լենինգրադ, Վորոշիլովգրադ, Ստավրոպոլ, Կրասնադար, Դոնի Ռոստով, Կալինին, Անապա, Սոչի և սևծովյան բոլոր քաղաքներից ժամանած շինարարներ ու ուսանողներ: Կառուցվեց Ձախ ափի կոմունիկացիոն համակարգը, Ռուսաստանը Ստեփանավանում կառուցեց ժամանակավոր Աշոտաբերդ թաղամասը` մանկապարտեզով և դպրոցով: Այս աշխատանքների մեջ մեծ է հատկապես ԽՍՀՄ “ՆավթԳազՇին” նախարար Վլադիմիր Գրիգորեվիչ Չիրսկովի, նրա տեղակալներ Գենադի Իոսիֆովիչ Շմալի, Գրիգորի Նիկալայեվիչ Սուդոբինի, Իվան Իվանովիչ Մազուրի ներդրումը:
Ստեփանավանում կատարվող վերականգնողական աշխատանքներին մասնակցեցին նաև Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ի հայկական համայնքները, Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան:
Վերականգնողական աշխատանքներում մեծ ներդրում ունեցավ հատկապես Գերմանիան: Աշխատանքների հիմնական ֆինանսավորողը Հեսսեն երկրամասն էր (նախագահ Կարլ Շթարցախեր): Գերմանական Կարմիր խաչը կառուցեց 46 սեփական տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա և մեկ մանկապարտեզ: Գերմանիայի կողմից իրականացվող աշխատանքները ղեկավարում էր Գերմանիայի Կարմիր խաչի նախագահ Բոտո Պրինց Ցու Սաուն-Վիտգենշտայնի կողմից: Նրան աջակցում էին գերմանական Կարմիր խաչի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ Կրոնենբերգերը, Իոհաննես Րիխերդը, Վոլֆ Ռայֆենրադը, Ռոզե Հանս Յորգը, Մանֆրեդ Բլյումը, Շելլը և շատ ուրիշներ:
Իտալիայի հայոց միությունը և իտալական “Ալպիական հրաձիգներ” կազմակերպությունը շինարարական 2 խոշոր` “Դիեչի” և “Պազոտի” ֆիրմաների բազաներ տեղադրեցին Ստեփանավանում, կառուցվեցին 2 դպրոց` թիվ 1, թիվ 3 և մեկ մանկապարտեզ: Իտալիայի հայոց միության կողմից կազմակերպված հանգանակությանը մասնակցեցին իտալահայեր Սերաբյանը, տեր և տիկին Փամբուկյանները, Կուշինյանը, Սևուկ Ուլուջյանը, Ստամբոլյան եղբայրները, գեղանկարիչ Հերման Վահրամյանը, բժիշկ Պետրոս Քուչուկյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն I-ի նախաձեռնությամբ Հյուսիսային Ամերիկայի հայոց եկեղեցու արևմտյան և արևելյան թեմերը (արքեպիսկոպոսներ Թորգոմ Մանուկյան, Վաչե Հովսեփյան, Խաժակ Պարսամյան) ձեռնամուխ եղան Ստեփանավանում վերականգնողական և հումանիտար օգնության առաքման աշխատանքներին:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է ամերիկյան խոշոր շինարարական կազմակերպություներից մեկը, Գևորգ Հովնանյանի գլխավորությամբ, որոնց ուժերով կառուցվեց Ամերիկական թաղամասը` 6 բնակելի շենքերով, կառուցապատվեց այս թաղամաս գնացող փողոցը և իրենց իսկ առաջարկով այն ստացավ Սուրբ Վարդան անունը, կառուցվեց Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 դպրոցը:
Ռումինական “Առկոմ” շինարարական ֆիրման, որի նախագահն էր Իոնել Մոկանան, քաղաքում կառուցեց 11 բնակելի քառահարկ շենք` 126000 քմ մակերեսով:
Կարմիր խաչի միջազգային լիգայի կողմից էլ կառուցվեց մանկական վերականգնողական-հոգեբանական կենտրոնը և Կարմիր խաչի շենքը:

Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am