Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
arm rus eng

2015 ԹՎԱԿԱՆ

Ստեփանավանը Գյումրիին է փոխանցում Երիտասարդական մայրաքաղաքի բանալին

   




ԱՄԱՆՈՐՅԱ ՄՐՑՈՒՅԹ
ԶԱՐԴԱՐԵՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԸ ՄԻԱՍԻՆ

Ամանորին մնացել է մեկ ամիս։ Մեկնարկում են Ստեփանավանը տոնական տեսքի բերելու աշխատանքերը։ Ստեփանավանը ամանորյա տոնական տեսքով մշտապես առանձնացել է մյուս քաղաքներից: Քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ մարզում ամենագեղեցիկ տեսքը ստացել է հենց Ստեփանավանի հրապարակը։ Զարդարվել են նաև կենտրոնական ճանապարհները: Այս տարի ևս ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքը 2016 թվականը դիմավորի գեղեցիկ տեսքով: Ստեփանավանի քաղաքապետարանը որոշել է այս գործում ներգրավել բոլոր ցանկացողներին: Հայտարարվել է մրցույթ, որին մասնակցելու համար պետք է զարդարել տան բակը, պատշգամբը, խանութը և այլն: Առավել լավ զարդարված տարածքի ներկայացուցիչը կարժանանա հատուկ մրցանակի՝ անձամբ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից: Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները մրցույթի շրջանակում ամանորի նախաշեմին կշրջեն քաղաքում և կընտրեն լավագույններին: Այնպես որ, հետաքրքրված անձինք կարող են գործի անցնել: Հարցերի դեպքում զանգահարել 0256-2-24-57:


ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 10-ին Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը այցելեց Ստեփանավան, որտեղ նախ հանդիպեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ: Վերջինս ևս մեկ անգամ վերահաստատեց, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ցանկացած լավ նախաձեռնության, որը կխթանի երիտասարդների կյանքի ակտիվացմանը: Հյուրերը քաղաքապետի հետ զրուցելուց հետո հանդիպեցին նաև նախապես հերթագրված երիտասարդների հետ: Նիստերի դահլիճում ապագա ուսանողներին ներկայացվեց Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագիրը, ՏՏ ոլորտի կարևորությունը և արդիականությունը մեր օրերում: Երիտասարդների հարցերին պատասխանելուց հետո հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար, իսկ դիմորդները գրանցվեցին հարցազրույցին մասնակցելու համար: Տեղեկացնենք նաև, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ցանկութուն է հայտնել աջակցել ծրագրին, վերջինիս առաջարկությամբ անվճար դասընթացներին կկարողանան մասնակցել նաև Լոռու մարզի այլ՝ քաղաքային համայնքների երիտասարդներ: Այս նախաձեռնությունը ողջունել է նաև Ստեփանավանի քաղաքապետը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորում անցկացվող ծրագրավորման դասընթացներին այսուհետ կարող են մասնակցել նաև մարզի քաղաքային այլ համայնքների երիտասարդներ: Նախկինում վճարովի դասընթացները ներկայումս ամբողջովին անվճար են։ Նպատակն է իհայտ բերել առավել խելացիներին և խթանել ՏՏ ոլորտի զարգացումը: Ստեփանավանում դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 055 458 468 հեռախոսահամարով: Ծրագրի շահառուն կարող են դառնալ 18 և ավելի բարձր տարիքի երիտասարդները։ Ստեփանավանից դիմած երիտասարդները կընտրվեն դեկտեմբերի 10-ին, հարցազրույցի միջոցով։ Հանդիպմանը մասնակցելու համար նշված հեռախոսահամարով պետք է կապ հաստատել մինչև Դեկտեմբերի 9-ը ներառյալ: Նշենք նաև, որ ստեփանավանցի երիտասարդներին տրված հնարավորության համար ծրագիրը ողջունել է նաև քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։


ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ամեն տարի համայնքային աշխատողի օրվան ընդառաջ Հայաստանի համայնքների միությունը կազմակերպում է մրցանակաբաշխություն, որին արդեն 3 տարի է մասնակցում է նաև Ստեփանավանի քաղաքապետարանը: 2013-ին Ստեփանավանը ճանաչվեց Հայաստանի լավագույն կանաչապատ քաղաք, իսկ 2014-ին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը արժանացավ լավագույն քաղաքապետի կոչմանը: Այս տարվա մրցանակն արդեն ստացել է քաղաքապետարանի ողջ անձնակազմը: Համայնքների միության հուշամեդալին կից փաստաթղթում մասնավորապես գրված է. «Բարձր գնահատելով 2015 թվականի ընթացքում Ստեփանավան քաղաքի ձեռքբերումները, կարևորելով և գնահատելով քաղաքապետի, ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի, համայնքային կառույցների աշխատակիցների ու համայնքի բնակչության ջանքները համայնքի զարգացման և առաջխաղացման գործում՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 19-ամյակի կապակցությամբ որոշվել է հուշամեդալով պարգևատրել Ստեփանավանի քաղաքապետարանին: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոստոմ Քոչարյանը այս ամենը պատահական չի համարում։ Նրա կարծիքով՝ սա աշխատանքի արդյունք է, բայց և պարտավորեցնող: Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը շնորհավորել է քաղաքապետարանի աշխատակազմին հերթական հաջողության կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով որակյալ աշխատանքի համար՝ վերջինս կոչ է արել առավել ակտիվ և արդյունավետ աշխատել։


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՈԼՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

2015թ. դեկտեմբերի 14-15-ը Ստեփանավան քաղաքում տեղի է ունենալու նորարարական գաղափարների մրցույթ: Արդյունքում «100 գաղափար Հայաստանի համար» մրցութային հանձնաժողովը կընտրի հինգ գաղափար, որոնք 2016թ. Բելառուսի հանրապետությունում կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: Երիտասարդներն իրենց գաղափարները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի erit.msy@gmail.com միջոցով մինչև 2015թ. դեկտեմբերի 10-ը: Կից ներկայացվում է ծրագիրը:

Ստեփանավանի քաղաքապետարան


ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր Ստեփնավանցի բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստանում Հայաստանի այլ քաղաքներում, բազմաթիվ են նաև նրանք, ովքեր իրենց սիրելի մասնագիտությունը ստանալու հնարավորություն ունեն տեղի կրթօջախներում: Ամենակարևորն այն է, որ բոլորդ գիտակցեք, դուք եք մեր երկրի ապագան ու առավել մեծ ուշադրություն դարձրեք ձեր կյանքի կարևոր այդ փուլին և ջանք չխնայեք` լավ մասնագետ դառնալու գործում: Մեր երկիրը ոչ նավթային պաշարներ, ոչ էլ այլ հարստություններ ունի, ուստի և մեր այցեքարտը մեր գիտելիքն է, որով մշտապես կարողացել ենք աշխարհին ներկայանալ: Այո, պետք է խոստովանել, որ այսօր երիտասարդների համար աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ չէ: Այսօր մենք ամեն ինչ անում ենք` մեր քաղաքը ավելի լավը դարձնելու համար, և օրակարգային առաջին և գլխավոր հարցերից մեկը երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելն է: Այս տարի մեր քաղաքը դարձավ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, և կյանքը ավելի ակտիվացավ: Մենք ամեն կերպ փորձելու ենք աջակցել և սատարել այն ուսանողներին, ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և առաջիկայում կփորձենք ներգրավել նոր ծրագրերում, որպեսզի դուք առավել կապվեք մեր սիրելի քաղաքին ու չմտածեք այն լքելու մասին: Կարծում եմ, որ պետք է համախմբված լինենք և ամեն կերպ կարողանանք մեր ստացած գիտելիքները մեր երկրի համար ծառայեցնենլ: Ձեզ մաղթում եմ ուսման մեջ նորանոր հաջողություններ, վերելքներ ու ձեռքբերումներ և վստահեցնում, որ ձեր բոլոր լավ նախաձեռնությունները քաղաքապետարանի կողմից պետք է արժանանան դրական գնահատականների:

Ստեփանավանի քաղաքապետ
Միքայել Ղարաքեշիշյան


ԳԼՈԲԱԼ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՄԻԱՑԱԾ ՇՈՒՐՋ 3000 ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ 45-Ն ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ ՕՐԻՆԱԿԵԼԻ, ԻՍԿ
ՍՏԵՓԱՆԱՎԱՆՆ ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿՆ Է

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ «Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում քաղաքների դիմակայունություն» ծրագրի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ԱՌՆԱՊ հիմնադրամը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, UNISDR ԿԱՀԿ տարածաշրջանային համակարգող Մադավի Արիյաբանդուն, Ժնևում ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի կապի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Ջերրի Վելասկեզը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների տարածաշրջանային ներկայացուցիչներ: 2014թ. Ստեփանավանը միացել է ՄԱԿ-ի «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին: Միջազգային և տեղական գործընկերների աջակցությամբ քաղաքում իրականացվում են դիմակայունության մշակույթի ներդրմանն ու զարգացման ուղղված մի շարք ծրագրեր: Քարոզարշավը մեկնարկել է 2010թ. ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի /UNISDR/ և գործընկեր կառույցների համատեղ ջանքերով: Այն նպատակ ունի հզորացնել տեղական իշխանությունների դերն ու կարողությունները աղետների ռիսկի նվազեցման գործում:

Կարդալ ավելին


ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

1929 թվականին Ստեփանավանում ծնված և հողագործի ընտանիքում մեծացած Սահակ Սահակյանը հետագայում պիտի դառնար մեծ նկարիչ ու քանդակագործ: Նա իր աշխատանքների միջոցով աշխարհին պիտի ներկայացներ Լոռվա կոլորիտն ու Ստեփանավանցուն հատուկ տաղանդը: Վարպետը մշտապես առաջնորդվել է լոռեցի վարպետ Գալոյի պատգամով՝ ամեն մարդ իրենից հետո պետք է թողնի գեղեցիկ գործեր: Սահակ Սահակյանը ստեղծագործական իր լիցքերի համար անսպառ ակունք է համարել մեծ Լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի կերպարները: «Թումանյանը պատրաստի կերպարները քեզ է հրամցնում, մնում է միայն կավը վերցնես ու քանդակես»,- ասում էր Սահակյանը: Վերջինիս արվեստում շատ բան թատրոն է հիշեցնում, որոշները բնութագրում են կենցաղ, մյուսները՝ կյանքն իր բոլոր գույներով: Նրա աշխատանքները կամուրջ են ժողովրդական ստեղծագործության ավանդույթների ու այսօրվա միջև: Մեծ ստեփանավանցին մասնակցել ու բազում պարգևների է արժանացել միջազգային ու միութենական ցուցահանդեսներում: Աշխատանքները հանգրվանել են Մոսկվայի, Լենինգրադի, Երևանի խոշոր թանգարաններում: Նա նաև Չեխոսլովակիայի Սկալիցա քաղաքի պատվավոր քաղաքացի է:

Կարդալ ավելին


TEDx-Ը ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԷՐ

Ստեփանավանի մշակույթի պալատում տեղի է ունեցել TEDxYouth Stepanavan միջոցառումը, որին մասնակցել են ավելի քան 300 երիտասարդ Երեւանից եւ մարզերից: Միջոցառման ընթացքում տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրմանը զուգահեռ ելույթ են ունեցել 17-25 տարեկան 17 բանախոս, այդ թվում նաև՝ հատուկ կարիքներ ունեցողները: Նրանք խոսել են իրենց ամենահամարձակ ու ամենաչբարձրաձայնված դիտարկումների ու գաղափարների մասին: TEDx միջոցառումների կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը հայ երեխաներին լսելի եւ տեսանելի դարձնելն է ամբողջ աշխարհում: Միջոցառման աջակիցներն են «Վորլդ Վիժն Հայաստանը», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախ բաժինների պատասխանատուները ներկայացրեցին անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ, ինչից հետո քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը անդրադարձավ մի շարք օրակարգային խնդրիների: Առաջին հարցը վերաբերում էր սեփական եկամուտների հավաքագրմանը: «Ներկայիս իրավիճակը նորմայի սահմաններում է, բայց պետք է լուրջ աշխատանքներ տանել»,- նշեց քաղաքապետը: Վերջինս անդրադարձավ ուժը կորցրած ավտոմեքենաների տեխզննման կտրոններին, վարորդները պետք է քաղաքապետարանում գույքահարկ վճարեն և ձեռք բերեն նոր կտրոններ։ Միքայել Ղարաքեշիշյանը վստահ է, որ կան վարորդներ, ովքեր տեխզննման կեղծ կտրոններով են վարում մեքենաները: Քաղաքապետը հանձնարարեց խիստ ուշադիր լինել այս հարցում, ուղարկել ծանուցումներ, և եթե արձագանքը ուշանա, ապա գործն ուղարկել դատարան: Քաղաքապետը նաև վստահություն հայտնեց, որ այնուամենայնիվ կլինեն վարորդներ, ովքեր ամեն կերպ կխուսափեն գույքահարկ վճարելուց , հետևաբար ըստ Ղարաքեշիշյանի, հարցը պետք է լինի քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Եթե մի քանի գործ ուղարկվի դատարան , մնացածի համար օրինակ կլինի: Բացի դա, ըստ Միքայել Ղարաքեշիշյանի, գույքահարկը ժամանակին վճարելը նախ և առաջ վարորդների շահերից է բխում։ Եթե գործը դատարան գնա, ապա խնդիրները կշատանան, հետևաբար անհրաժեշտություն կա նաև վարորդներին ամբողջական տեղեկություններ հաղորդել հետագա բարդությունների մասին, գուցե դա էլ գործին օգնի: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այլ հարցերի: Տրվեցին նոր հանձնարականներ՝ ձմեռային պաշտպանությունը պատշաճ մակարդակով իրականացնելու , ճանապարհներին փոսային նորոգումները կարճ ժամկետներում կատարելու և այլ ընթացիկ հարցերի հետ կապված:


ՋՐԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

Ստեփանավանում լայնածավալ աշխատանքներ են տարվում ջրամատակարարման որակը բարելավելու ուղությամբ: Քաղաքի մի շարք փողոցներում արդեն սկսվել են, որոշներում էլ ավարտին են հասցվել ջրագծերի փոխման աշխատանքները: Այս գործընթացը որոշակի խոչընդոտներ է առաջացնում վարորդների համար, ուստի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը խիստ հանձնարարել է քաղաքապետարանի համապատասխան բաժնին, որպեսզի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն տարվող աշխատանքները, համագործակցելով ջրամատակարար կազմակերպության հետ՝ նվազագույնի հասցնեն անհարմարությունները: Իրականացված 3 ծրագրերի արդյունքում քաղաքում արդեն փոխվել է 24 կիլոմետր ջրագիծ: Երրորդ փուլը ևս ավարտին է մոտենում: Ըստ Ստեփանավանի քաղաքապետարանի քաղաքաշինության,հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և առևտրի բաժնի պետ Հրահատ Աբրահամյանի՝ բոլոր աշխատանքները մինչև տարեվերջ ավարտված կլինեն: Արդյունքը առավել քան կարևոր է Ստեփանավանցիների համար: Ջրամատակարարման անհամեմատ բարձր որակի առկայությունը երաշխավորված է: Ինչ վերաբերում է ձմեռային պաշտպանությանը, ապա Հրահատ Աբրահամյանի խոսքով՝ կոմունալ ընկերության հետ կա համապատասխան պայմանագիր: Ձյունը երբ էլ գա, քաղաքում խնդիրներ չեն առաջանա: Ստեփանավանի որոշ ճանապարհահատվածներում էլ փոսային նորոգումներ են իրականացվում: Այս աշխատանքները ևս ամենօրյա ուշադրության կենտրոնում են, քանի որ գործը ժամանակին պետք է ավարտին հասցնել, որ եղանակը չխանգարի։


«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ NEWS» ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՆՈՐ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԸ

«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS» խորագրով: Հեռուստաընկերության այս նախաձեռնությունը ողջունել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ խոստանալով աջակցել հաղորդման կայացմանը: Հաղորդման հեղինակն ու վարողը հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Սարգիս Գոքորյանն է: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում Ստեփանավանում առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, քաղաքի անցուդարձին, քաղաքապետարանի գործունեությանը: «Ստեփանավան NEWS-ը» կհեռարձակվի յուրաքանչյուր երկուշաբթի «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարից անմիջապես հետո (22:10), կրկնությունը՝ երեքշաբթի 14:30-ին:

Դիտել «Ստեփանավան NEWS»-ի անդրանիկ թողարկումը


<<ԴԱՐ 2021>> ԲԱԼԵՏԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ` ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Ուսուցչին գնահատելու ու մեծարելու ձգտումը նրանց մասնագիտական տոնի առթիվ Ստեփանավանում բոլորին ավանդաբար համախմբել էր մեկ հարկի տակ` Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում: Ջերմ խոսքեր ու բարեմաղթանքներ բոլոր ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց հոգու լույսը, սերն ու ջերմությունը փոխանցելու սերունդներին, ապա Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից Ուսուցչի օրվա առթիվ պատվոգրերի արժանացան քաղաքի ուսումնական հաստատությունների տարվա լավագույն մանկավարժները` ՆՈՒՀ-երի դաստիարակներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, քոլեջների ու ԲՈՒՀ-ի դասախոսներ, արվեստի դպրոցի դասատուներ, մշակույթի պալատի խմբավարներ: Մանկավարժներին իրենց գեղարվեստական ելույթներով շնորհավորեցին մշակույթի պալատի վոկալ համույթի և Ստեփանավանի <<Անի>> պարային համույթի սաները: Դե իսկ մշակույթի պալատի բատիկայի նորաստեղծ խմբակի սաներն էլ հանդես եկան իրենց անդրանիկ ցուցահնդեսով` գեղեցիկ տոնի առթիվ ներկայացնելով գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ: Սաների աշխատանքների կողքին ներկայացված էին նաև բատիկայի խմբակի խմբավար Թերեզա Ղուկասյանի և մշակույթի պալատի տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանի նրբագեղ աշխատանքները: Ցուցահանդեսը դիտելուց հետո մանկավարժներին և Ստեփանավանի արվեստասեր հասարակությանը արդեն մշակույթի պալատի դահլիճում աննախադեպ հաճելի անակնկալ էր սպասվում:

Կարդալ ավելին


ՍԿԻԶԲ ԴՐՎԵՑ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՆ


ՌԴ Մոսկվայի մարզի Դմիտրովի մունիցիպալ շրջանի հրավերով սեպտեմբերի 24-25-ը Դմիտրով քաղաքում անցկացված քաղաքապետարանների միջազգային տնտեսական ֆորումին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը և Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Ֆորումի նպատակը, որին մասնակցում էին 28 երկրների 900 պատվիրակություններ, փորձի փոխանակումն էր համայնքների միջև՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով, նորարական գաղափարների քննարկումը, համագործակցային նոր կապերի ստեղծումը: Այցի շրջանակներում, նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև համագործակցություն հաստատել Դմիտրով և Ստեփանավան քաղաքների միջև: Սեպտեմբերի 24-ին բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր ստորագրվեց Մոսկվայի մարզի Դմիտրովի մունիցիպալ շրջանի ղեկավար Վալերի Գավրիլովի և Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի միջև: Սկզբնավորվեց երկու քաղաքների նոր բարեկամություն: Նախատեսվել է 2016թ. մայիսին Դմիտրով քաղաքի պատվիրակության փոխադարձ այցը Ստեփանավան քաղաք՝ հուշագիր ստորագրելու նպատակով, որից հետո երկու համայնքների միջև համագործակցություն կստեղծվի:




ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԻ 24-ՐԴ ՏՈՆԸ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Անկախության 24-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության 2015-թ. երիտասարդական մայրքաղաք Ստեփանավանում առավոտից տոնական տրամադրություն էր: Կենտրոնական հրապարակում հնչող ազգային-հայրենասիրական երգ-երաժշտությունը հրապարակում էր համախմբել մեծ ու փոքր ստեփանավանցիների, երիտասարդների, հյուրերի: Քաղաքային հրապարակը տոնական տեսք էր ստացել, զարդարվել Ստեփանավանի մշակույթի պալատի սաների և շնորհալի ստեփանավանցիների ձեռագործ աշխատանքներով` գեղանկարներ, մանրանկարներ, խաչքարեր, փայտե փորագրություններ, կոլաժներ, ազգային զարդանախշերով ու երանգներով կարպետագործության, ասեղնագործության անկրկնելի ցուցանմուշներ: Ներկայացված էր նաև Ստեփանավանի և տարածաշրջանի պատմամշակութային վայրերի լուսանկարների ցուցահանդես: Ցայտող շատրվաններ, լեփ-լեցուն հրապարակ, բարձր տրամադրություն և անկախության սերունդը տոնում է անկախ հայրենիքի 24-րդ տարեդարձը: Անկախության 24-րդ տարելիցին նվիրված տոնական համերգը երիտասրադական մայրաքաղաքում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով` մշակույթի պալատի փողային նվագախմբի կատարմամբ, ապա հնչեցին ազգային, ռազմահայրենասիրական կատարումներ` ժողովրդագան գործիքների և վոկալ համույթների, ասմունքի խմբակի սաների, <<Անի>> և <<Սյուզի>> պարային համույթների, ինչպես նաև երիտասարդ ու տարեց անհատ կատարողների, երգիչ-երգչուհիների կատարմամբ: Անկախության օրվա առթիվ Ստեփանավանի մշակույթի պալատի դահլիճում բեմադրվեց դրամատուրգ Սամվել Խալաթյանի <<Հրադադար>> ներկայացումը` (մասնակցությամբ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախմբի, բեմադրող-ռեժիսոր` Ռազմիկ Խոսրոեև), որն անվճար դիտեցին մեծ ու փոքր ստեփանավանցիներ` կրկին կարևորելով անկախ ու ազատ հայրենիքում խախաղ ապրելու անգնահատելի արժեքը: Անկախ Հայաստանի 24-րդ սեպտեմբերի 21-ին Ստեփանավանի N-Ն զորամասում նույնպես տոնական միջավայր էր: Զինվորներին էին միացել Ստեփանավանի արվեստի դպրոցի վոկալ համույթի և մշակույթի պալատի ասմունքի խմբակի սաները, ովքեր իրենց ռազմահայրենսաիրական ելույթներով վերստին ընդգծեցին հայ զինվորի դերն ու նշանակությունը ազատ, անկախ հայրենիքի պաշտպանության գործում: Զինվորները ևս հանդես եկան գեղարվեստական կատարումներով և համերգային ծրագիրը եզրափակվեց զինծառայողների ու պատանիների միասնական քոչարիով: Անկախության օրն ամփոփվեց Ստեփանավանի հայ առաքելական եկեղեցում, որտեղ Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ համաթեմական աղոթք-ժամերգություն` օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի: Աղոթք- ժամերգությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ու Մայր Եկեղեցուն` ևս մեկ անգամ վկայակոչելով մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի եռամիասնությունը:


ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՏԱՔ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 10-ին Ստեփանավանի ՆՈՒՀ-երում տոնական տրամադրություն է, փոքրիկները դիմավորում են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին, ՄԱԿ-ի, Վորլդ Վիժնի և այլ կառույցների ներկայացուցիչներին` Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ուղեկցությամբ: Ստեփանավանի 3 ՆՈՒՀ_երում (թիվ 1, 3, 4), և մարզադպրոցում ավարտվել է ջեռուցման և արևային տաք ջրամատակարարման համակարգերի կառուցման ծրագիրը, որն իրականացվել է 2014-2015թթ. ընթացքում ՄԱԶԾ-ԳԷՀ / ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Գլոբալ էկոլագիական հիմնադրամ/ Փոքր դրամաշնորհների ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության և Ստեփանավանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ`«Դիմակայուն քաղաքներ. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավի շրջանակներում: Ծրագիրի արդյունքում բարձրացվել է Ստեփանավան քաղաքի էներգետիկ դիմակայունությունը՝ երեք մանկապարտեզների և մարզադպրոցի էներգաարդյունավետության բարձրացման միջոցով, որտեղ տեղադրվել են արևային տաք ջրամատակարարման համակարգեր (թիվ 1, 3, 4), իսկ թիվ 1 մանկապարտեզում նաև փոխվել են դուռ-պատուհանները և մոնտաժվել է լոկալ ջեռուցման համակարգը:

Կարդալ ավելին


ՆՈՐ ՄԵԴԻԱՅԻ ՍԿԻԶԲԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Օրերս ՀՀ 2015թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում ավարտվեց «Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որն իրականացնում էր «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կոնտրոն» հասարակական կազմակերպությունը` ՀՀ սպորտի և երիտասարդության հետ հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ընթացքում Ստեփանավանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խտացված մեդիա-դասընթաց, որին մասնակցում էին Ստեփանավանից և տարածաշրջանի գյուղական համայնքներից 20 երիտասարդներ, ովքեր ձգտում են զբաղվել լրատվությամբ, դառնալ քաղաքացիական լրագրողներ, սակայն չունեին անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: «Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին նոր մեդիայի միջոցով» ծրագրի նպատակն է շահառուներին հաղորդել նոր մեդիայի և լրագրության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` նպաստելով նրանց ներգրավմանը համայնքային կյանքին նոր մեդիայի միջոցով:

Կարդալ ավելին





ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ




ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտնում ենք ձեզ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման համաձայն սեպտեմբերի 9-ին, ժամը 10-ին Երևան քաղաքում, Մոսկվայի տանը` Արգիշտի 7 հասցեում տեղի կունենա «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը զարգացման ուղիները)» ծրագրի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության www.mnp.am պաշտոնական կայքում: Ցանկացողները կարող են մասնակցել:


ԲԻԶՆԵՍ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Օգոստոսի 21-23-ը Ստեփանավանի քաղաքապետարնի դահլիճում անցկացվեց «Երիտասարդների ձեռներեցության զարգացում»թեմայով դասընթաց, որը հատուկ նախատեսված էր ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի այն երիտասարդների համար, ովքեր զբաղվում կամ ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և ունենալ իրենց սեփական գործը: Դասընթացն իրականացնում էր «ԵՎԱ» սոցիալական-բարեգործական հկ-ն` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության աջակցությամբ: Եռօրյա դասընթացի ընթացքում ստեփանավանցի 12 երիտասարդներ ծանոթացան հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ պայմաններին, ստացան պրակտիկ գիտելիքներ և ձեռք բերեցին գործնական հմտություններ այնպիսի թեմաների շրջանակներում, ինչպիսիք են՝ հիմնական բիզնես ցիկլը, գնում, արժեքի ավելացում, շահույթով վաճառք, ապառիկ վաճառք, հաշվառման հիմունքներ, շուկայի պահանջարկ և առաջարկ, եկամտի օգտագործում/պլանավորում և այլն։ Վերապատրաստման այս ծրագիրը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչից՝ MicroPlan մեթոդաբանությամբ անցկացվող դասընթացից (ինտերակտիվ և բիզնես-սիմուլյացիաներով հագեցած հեղինակային վերապատրաստման մոդուլ՝ մշակված Making Cents International ընկերության կողմից) և հետդասընթացային անհատական խորհրդատվությունից, որի արդյունքում մասնակիցներն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կընտրեն առավել նախընտրելի 3 բիզնես-գաղափարներ՝ առաջնորդվելով դասընթացի ժամանակ տրամադրված մանրամասն ուղեցույցով: Նախատեսվում է, որ ընտրված գաղափարների համար մասնակիցները կսկսեն պլանավորել կոնկրետ գործողություններ և կսկսեն զբաղվել գործարարությամբ:


«ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄՐՑԱՐՇԱՎ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ» ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՓԱՆՎԱՆՈՒՄ

Օգօստոսի 21-ին Ստեփանավանի մշակույթի պալատի դահլիճում կայացավ «Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի» թեմայով համաքաղաքային ինտելեկտուալ-խաղ մրցույթ: Մրցույթն իրականացրեց «Արտ Սայթ» ՍՊԸ-ն` ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերի նախարարության, Ստեփանավանի քաղաքապետարանի հետ համատեղ` «Ստեփանավանը ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Թրաֆիքինգին վերաբերող հարցերից բացի խաղը բազմակողմանի ու ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով մրցույթի հարցաշարում ընդգրկվել էին նաև հարցեր Ստեփանավանի պատմամշակութային անցյալի, անվանի ստեփանվանցիների և միջազգային միգրացիոն հոսքերում հայերի տեղի ու դերի վերաբերյալ: Նախքան իտնելեկտուալ խաղը, մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 15-ին, ստեփանավանցի ավելի քան 50 երիտասարդների համար վերոնշյալ թեմաներով անցկացվեց սեմինար-դասախոսություն:

Կարդալ ավելին


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Օգոստոսի 14-ին, կառավարության մի քանի անդամների հետ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանը այցելեց նաև Ստեփանավանի տարածաշրջան, որտեղ նրանց դիմավորեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը և այլ պաշտոնատար անձիք: Վարչապետը Ստեփանավանի տարածաշրջանում ծանոթացավ երկու տարբեր հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են, ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Միաժամանակ, զեկուցվեց, որ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքները ընթանում են մեծ թափով և նոյեմբերին ավարտին կհասցվեն: Լայնածավալ այս ծրագրին հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի 12 համայնք: Վարչապետը գոհ էր աշխատանքների ընթացքից:

Կարդալ ավելին


ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Հունիսի 23-25-ը Ստեփանավանում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական հուշամրցաշար` նվիրված ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ, ստեփանավանցի ըմբշամարտիկ Գագիկ Մանուկյանի հիշատակին: Հուշամրցաշարն Ստեփանավանում անց է կացվում 2003-թ.-ից սկսած` Ստեփանավանի մարզադպրոցի նախաձեռնությամբ և Ստեփանավանի քաղաքապետի հովանավորությամբ: Այս տարի մասնակցում էին 18 թիմեր Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից` Լոռու մարզի քաղաքային համայնքներից, Գուգարքից, Գյումրիից, Իջևանից, Չարենցավանից, Նոր Հաճնից, Գառնիից, ինչպես նաև` քաղաքամայր Երևանից, ընդհանուր թվով շուրջ 170 պատանի ըմբիշներ: Մրացավարական կազմում ընդգրկված էին հանրապետության անվանի մարզիկներ ու վաստակավոր մարզիչներ, գլխավոր մրցավարը ՀՀ վաստակավոր մարզիչ, աշխարհի վետերանների 13-ակի չեմպիոն վանաձորցի Ժորա Հովհաննսիյան էր, ով կարևորում է նման մրցումների դերը պատանի սպորտսմենների կայացման հարցում: Մրացաշարն անցկացվեց 2 տարիքային փուլով` 10-11 տարեկանների և 12-13 տարեկանների միջև: Մրցաշարի առաջին փուլը հաղթահարողներն անցան եզրափակիչ փուլ, իսկ ուժեղագույնները, երեք օր տևած համառ պայքարի արդյունքում, տարբեր քաշային կարգերում ճանաչվեցին հուշամրցաշարի հաղթողներ և զբաղեցրեցին առաջին, երկրորդ, երրորդ պատվավոր տեղերն` արժանանանալով համապատսխան պատվոգրերի և շքանշանների, իսկ լավագույնները` նաև Ստեփանավանի քաղաքապետի գավաթին:

Դիտել տեսանյութը


Անվճար հանգստյան ուղեգրեր ազատամարտիկներին և մանկավարժներին

<<Հատուցում>> ծրագրի շրջանակներում Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և Գյումրիի <<Արտ>> բարեգործական կազմակերպության աջակցությամբ ստեփանավանցի 10 ազատամարտիկներ ամառային 7–օրյա անվճար հանգիստ կանցկացնեն Սև ծովի ափին: Ինչպես նշեց Գյումրիի <<Արտ>> բարեգործական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանը, 5 տարվա ընթացքում Շիրակի մարզից շուրջ 1300 ազատամարտիկներ են օգտվել ծրագրից, այս տարի ծրագիրն ընդլայնել է իր շրջանակներն` ընդգրկելով նաև Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր և Ստեփանավան համայնքները: Ծախսերի 40%-ը ապահովում են համայնքի ղեկավարները, 60%-ը հոգում է Գյումրիի <<Արտ>> բարեգործական կազմակերպությունն իր միջոցներով: Ծրագրի շրջանակներում Ստեփանավանում ազատամարտիկներից բացի հանգստանալու կմեկնեն նաև քաղաքի հանրակրթական դպրոցների 7 մանկավարժներ: Ստեփանավանի քաղաքապետարանի դահլիճում ծրագրի շահառու մանկավարժներին և ազատամարտիկներին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն ու Գյումրիի <<Արտ>> բարեգործական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանը հանձնեցին 7օրյա հանգստյան ուղեգրերը, որն իր մեջ ներառում է հանգստի հետ կապված ամբողջ ծախսերը` սկսած ճանապարհածախսից մինչև հյուրանոց Սև ծովի ափին և կեցության ծախսեր: Թեև ծրագիրն Ստեփանավանում իրականացվում է առաջին անգամ, սակայն Ստեփանավանի քաղաքապետը նշում է, որ պատրաստ է նաև հետագա համագործակցության:

Դիտել տեսանյութը


ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Հունիսի 15-ին Ստեփանավանի արվեստի դպրոցի սաները մշակույթի պալատի մեծ բեմում ծնողների, մանկավարժների և հարազատ քաղաքի հասարակության և հյուրերի առջև հանդես եկան տարեվերջյան հաշվետու համերգով` ներկայացնելով 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ձեռքբերած նվաճումները: Հաշվետու համերգի ընթացքում դպրոցի տարբեր բաժինների առաջինից մինչև ավարտական դասարանների սաների, դպրոցի երգչախմբի, վոկալ համույթի, նվագախմբի, ժողովրդական և լարային գործիքների համույթների կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Ռախմանինովի, Չայկովսկու, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագծություններից: Քանի որ համերգն այս տարի նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ և Կոմիտասի ծննդյան 145-րդ տարելիցին, գերակշռում էին հատկապես Կոմիտասի կատարամուներն ու Ցեղասպանության թեմատիկան: Դպրոցի կերպարվեստի բաժինն էլ ներկայացավ հաշվետու ցուցահանդեսով, որտեղ ընդգրկված էին գունանակարներ, գծանկարեր, կիրառական արվեստի բազմաթիվ աշխատանքներ:

Կարդալ ավելին

Դիտել տեսանյութը


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում տոն դարձնելու համար Ստեփանավանի քաղաքապետարանը ավանդույթի համաձայն, նախաձեռնել էր միջոցառում, որն իրականություն դարձավ Մշակույթի պալատի և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Քաղաքային հրապարակում առավոտից հնչող տոնական ուրախ երաժշտությունը հրապարակ էր բերել մեծ ու փոքր ստեփանավանցիների և հյուրերի: Նախ ներկայացվեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի շնորհավորանքի ուղերձը օրվա առթիվ, ապա մեկնարկեց համերգային ծրագիրը` հենց երեխաների մասնակցությամբ:

Կարդալ ավելին

Դիտել տեսանյութը





ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ






ԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Մայիսի 30-ին միջնադարյան Լոռե բերդաքաղաքի տարածքում հավաքվել էին ավելի քան 150 լոռեցի երիտասարդներ` խաղալու ազգային խաղեր: «Ազգային խաղերի տարածումը Լոռու մարզում» ծրագիրը հանդիսանում է «Ստեփանավանը տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մարզային մակարդակի հիմնական ծրագիրը և իրականություն դարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային մասնաճյուղի և Ստեփանավանի քաղաքապետարանի, մասնավորապես` քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ջանքերով: Միջոցառման նպատակն է երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ուշադրությունը հրավիրել պատմամշակութային հուշարձանների պահպանության կարևոր հարցի վրա, ազգային խաղերի միջոցով համախմբել լոռեցի երիտասարդներին, ցույց տալ, որ երիտասարդները չեն հեռանում ազգային արմատներից և կարևորում են իրենց ազգային արժեքները:

Կարդալ ավելին

Դիտել տեսանյութը


ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Մայիսի 24-ին Ստեփանավանի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ մեծ համերգ` հայ աստղերի մասնակցությամբ: Համերգը կազմակերպվել էր Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հովանու ներքո Ստեփանավանի և տարածաշրջանի շրջանավարտների համար`դպրոցական ուսումնառությունն ավարտելու և նոր կյանք մուտք գործելու առթիվ: Համերգի մեկնարկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի և տարածաշրջանի շրջանավարտներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց՝ նշելով, որ Ստեփանավանի շրջանավարտներն այս տարի պատիվ ունեն կրելու համայն հայության երիտասարդության մայրաքաղաքի շրջանավարտի տիտղոսը, քանի որ Ստեփանավանը Հայաստանի Հանրապետության 2015թ. երիտասարդական մայրաքաղաքն է: Այնուհետև մեկնարկեց համերգային ծրագիրը, որի ընթացքում իրենց ջերմ ելույթներով շրջանավարտներին շնորհավորեցին և կանաչ ճանապարհ ու հաղթանակներ մաղթեցին հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ Սոնա Շահգելդյանը, Մասիս Հունանյանը, Գոհար Հովհաննիսյանը, Վրեժ Կիրակոսյանը, ով ծնունդով Ստեփանավանի տարածաշրջանից է: Չնայած անձրևային եղանակին` մեկուկես ժամ նախատեսված համերգային ծրագիրն ամենաջերմ մթնոլորտում շարունակվեց մինչև ուշ երեկո` տևելով շուրջ երեք ժամ: Կենդանի հնչողությամբ մեկը մյուսից հիանալի կատարումներ, տոնական բարձր տրամադրություն և շրջանավարտների մուտքը դեպի մեծ կյանք դառնում է ավելի հիշարժան ու խանդվառ: Համերգն ավարտվեց տոնական հրավառությամբ և Վրեժ Կիրակոսյանի «Հաղթանակի քամիները» երգով, որը Վրեժի հետ միասին երգեցին նաև ստեփանավանցի երիտասարդները: Սիրված այս երգը` որպես նշանաբան, ստեփանավանցի երիտասարդները միահամուռ երգում էին դեռ մեկ տարի առաջ`«Ստեփանավանը ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկից սկսած և մղվում դեպի հաղթանակ:

Դիտել տեսանյութը


ՀԱՅՐԵՆԻՔԻ ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ՆՈՒՀ-ՈՒՄ

Մայիսի 20-ին Ստեփանավանի թիվ 3 ՆՈՒՀ-ի միջին խմբում անցկացվեց բաց պարապմունք`<<Արևի երկիր Հայաստանս>> խորագրով: Բաց դասին ներկա էին Ստեփանավանի ՆՈՒՀ-երի տնօրեններ և դաստիարակներ, ներկայացուցիչներ Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքի կրթամշակութային հաստատություններից, ինչպես նաև ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղի նախադպրոցական մասնագետ Արմինե Բաղդասարյանը: Պարապմունքի մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, որը սկզբից մինչև վերջ երգեցին 4-5 տարեկան փոքրիկները` ներկաների հետ միասին, այնուհետև դաստիարակչուհի Արիետա Միկոյանը հարցուպատասխանի միջոցով վերհանեց երեխաների գիտելիքները մեր հինավուրց հայրենիքի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ: Փոքրիկները հանդես եկան նաև հայրենիքին նվիրված բանաստեղծությունների ու երգերի կատարմամբ:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ




ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Աշխարհագրորեն այդքան հեռու երկու երկիր, Ֆրանսիան և Հայաստանը պատմականորեն հոգևոր կապվածություն ունեն, քանի որ երկու ժողովուրդներին մերձեցրել են համամարդկային բարձր գաղափարների արժևորումը և հումանիզմը: Դրա վառ արտահայտությունը վերջին օրերին հայոց եղեռնի հետ կապված իրադարձություններն էին, որին ամենավառ արտահայտված ձևով մասնակցեց Ֆրանսիան: Դրանից անմասն չէր մեր քույր քաղաք Դեսինը, որը իր վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսևորել է դեռևս 1993 թվականին, քաղաքապետարանի խորհրդի նիստում քննարկելով «Ցանկություններ Հայաստանի վիճակի շուրջը» հարցը և Դեսինի ժողովրդի կամքի արտահայտությունը ուղարկել է Ֆրանսիայի պառլամենտ, դատապարտելով ցեղասպանությունը և նորանկախ Հայաստանի շրջափակումները: Այս ամենի գիտակցումով 2015 թվականի ապրիլի 22-ին Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Երևան ժամանած Դեսինի պատվիրակությանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին Ստեփանավանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Դեսինի 10 հոգուց կազմված պատվիրակությունը գլխավորում էր քաղաքապետ Լոուրանս Ֆոտղան: Երեք օր շարունակ հյուրերի հետ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը այցելեց Հայաստանի տեսարժան վայրեր, իսկ ապրիլի 24-ին դեսինցիները մասնակցեցին Ծիծեռնակաբերդում անցկացվող միջոցառումներին: Ապրիլի 25-ին Դեսինի պատվիրակությունը և քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի գլխավորած Ստեփանավանի պատվիրակությունը մեկնեցին Ֆրանսիա՝ մասնակցելու Դեսինում անցկացվող եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Կարդալ ավելին



ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ապրիլի 20-ից Ստեփանավանում մեկնարկում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաքաղաքային միջոցառումները.
Ապրիլի 20-ին` ժամը 12:30-ին, Դեսինի պուրակում տեղի կունենա Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նորակերտ խաչքարի օծում և «Պահանջատեր երիտասարդություն» խորագրով միջոցառում: Նույն օրը նաև կօծվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկ այլ խաչքար Ձորագերտի կիրճում, որտեղ թուրք ասկյանրների ձեռքով դաժանորեն սպանվել են 75 հայ գերիներ:
Ապրիլի 20-ին` ժամը 14:30-ին, Ստեփանավանի մշակույթի պալատում կբացվի «Ստեփանավանը հիշում և պահանջում է» խորագրով բացառիկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են ՀՀ ազգային արխիվի լուսանկարներ և փաստաթղթեր Ջալալօղլիում Ցեղասպանությունից հետո բացված որբանոցների մասին, ինչպես նաև այլ հետաքրքիր փաստեր, Ցեղասպանությունը դատապարտող պահանջատիրական բնույթի լուսանկարներ և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշներ, որոնց հեղինակները հիմնականում ստեփանավանցի երիտասարդներ են:
Ապրիլի 23-ին` երեկոյան 19:15-ին, 100 անգամ կղողանջեն Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերը, կկատավի ոգեկոչման արարողություն, ապա եկեղեցու բակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Դեսինի պուրակի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող նորաօծ խաչքար:
Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակի համար կմատուցվի Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Սրբոց հիշատակության կարգ:
Ապրիլի 24-ին, ժամը 12-ին, պահանջատիրական երթ եկեղեցուց դեպի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նորաօծ խաչքար և պսակադրություն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Կլինեն նաև թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, Ցեղասպանության զոհ դարձած հայ գործիչներին նվիրված «Հիշատակի ղողանջներ» խորագրով գրական-երաժշտական միջոցառումներ, որոնց մասին ավելի ստույգ կտեղեկացնենք առաջիկայում:
Պատմությունը ցույց է տվել, որ հայի ուժը միասնության մեջ է, բոլորիս ցանկությունը մեկն է` ոճիրի հատուցում: Հիշենք և պահանջենք միասին` ամբողջ քաղաքով, ամբողջ ազգով, քանզի մենք մի բռունցք ենք, մի ամրոց, մի եկեղեցի, մի դրոշ և մենք միասին կհաղթենք այն պատերազմում, որ 100 տարի առաջ տանուլ տվեցինք, որովհետև չդատապարտված և անպատիժ մնացած Ցեղասպանությունները ծնում են նոր Ցեղասապանություններ:


ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ-ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Մարտի 25-26-ը Գյուլագարակի «Սոճուտ» հանգստյան համալիրի նիստերի դահլիճում կայացավ «Քաղաքային դիմակայունություն-Ստեփանավան քաղաքի փորձի ուսուցանում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» ծրագրին մասնակից տարբեր շահագրգիռ կողմեր: Աշխատաժողովը Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ազգային պլատֆորմի շրջանակներում նախաձեռնել էր Վորլդ Վիժնի Հայաստանը` որպես ծրագրի գործընկեր կողմ` Ստեփանավանի քաղաքապետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հետ համատեղ, որպեսզի արձանագրի իր նպաստը ծրագրում և մշակի առաջարկություններ` Վորլդ Վիժնի այլ գրասենյակների` «Իմ քաղաքը պատրաստվում է»գլոբալ ծրագրին ապագայում մասնակցության համար:

Կարդալ ավելին



Ստեփանավանի քաղաքապետի այցը Ճապոնիա
Ստեփանավանը ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային կոնֆերանսում
ճանաչվել է Քաղաքի «Դերային մոդել»

    Մարտի 14-18-ը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ՀՀ պատվիրակության կազմում պաշտոնական այցով Ճապոնիայի Սենդայ քաղաքում էր` մասնակցելու ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ)3-րդ համաշխարհային կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի 187 պետությունների պատվիրակություններ` Հյոգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) ազգային համակարգողները, ներկայացուցիչներ տարբեր երկրների կառավարություններից, քաղաքացիական հասարակությունից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ԱՌՆ ազգային պլատֆորմներից, գիտական կառույցներից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններից: ՀՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին նաև Հյուգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) ազգային համակարգող, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Շրջակա միջավայր և անվտանգություն» ծրագրի պատասխանատու Էդվարդ Սաֆարյանը և ՄԱԶԾ բնապահպանական կառավարման պորտֆոլիոյի ծրագրի աշխատակից Տաթևիկ Կոլոյանը:

Ստեփանավանի քաղաքապետի ելույթը Մակ-ի կոնֆերանսում

Կարդալ ավելին



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Մարտի 19-ի ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման» ծրագրի նախագծի քննարկում: Քննարկմանը մասնակցում էին 50-ից ավելի ակտիվ երիտասարդներ, երիտասարդական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդալ ավելին



ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ

   
Հարգարժա՛ն կանայք և աղջիկներ

Ջերմորեն շնորհավորում եմ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ: Գարնանային այս տոնը թող կյանքը լցնի նոր բերկրանքով ու քնքշությամբ, գարնանային ջերմությամբ և անսպառ սիրով:









ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ 2015Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄՆ ՈՒ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Ստեփանավանի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Այդ առթիվ Ստեփանավան էին ժամանել հյուրեր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարարության համակարգի Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ից, Լոռու մարզպետարանից, ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանից, ինչպես նաև երիտասարդներ ՀՀ տարբեր համայնքներից, ովքեր եղել են նաև Տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի հանձնաժողովի փորձագետների կազմում:

Կարդալ ավելին






ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԹԻՎ




Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am