Stepan Shahumyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Gerb
Hraparak
      arm rus eng

Ստեփանավանի քաղաքապետի այցը Ճապոնիա
Ստեփանավանը ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային
կոնֆերանսում ճանաչվել է Քաղաքի «Դերային մոդել»


Մարտի 14-18-ը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ՀՀ պատվիրակության կազմում պաշտոնական այցով Ճապոնիայի Սենդայ քաղաքում էր` մասնակցելու ՄԱԿ-ի Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ)3-րդ համաշխարհային կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի 187 պետությունների պատվիրակություններ` Հյոգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) ազգային համակարգողները, ներկայացուցիչներ տարբեր երկրների կառավարություններից, քաղաքացիական հասարակությունից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ԱՌՆ ազգային պլատֆորմներից, գիտական կառույցներից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններից: ՀՀ ներկայացնող պատվիրակության կազմում էին նաև Հյուգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) ազգային համակարգող, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԱՌՆ ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Շրջակա միջավայր և անվտանգություն» ծրագրի պատասխանատու Էդվարդ Սաֆարյանը և ՄԱԶԾ բնապահպանական կառավարման պորտֆոլիոյի ծրագրի աշխատակից Տաթևիկ Կոլոյանը:
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Կոնֆերանսի նպատակն էր վերլուծել, գնահատել և ամփոփել ՀԳԾ-ի իրականացման արդյունքները և միևնույն ժամանակ հաստատել Հյուգոյի գործողություններ 2015-2030թ.թ. ԱՌՆ ծրագիրը (ՀԳԾ-2):
ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային կոնֆերանսում Հայաստանի Հանրապետության պաշտոնական զեկույցը ներկայացրեց Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ողջունելով կոնֆերանսի անդամներին` Մ. Ղարաքեշիշյանն ընդգծեց կոնֆերանսի կարևորությունը` աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում միջազգային մակարդակում փորձի փոխանակման, նոր մեխանիզմների և արդյունավետ համագործակցության առումով, ապա ներկայացրեց հայաստանյան քաղաքների իրավիճակը` աղետներին դիմակայելու տեսանյունից և ՀՀ կառավարության ու Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի գործողությունները` Հայաստանի քաղաքները աղետների նկատմամբ դիմակայուն դարձնելու վերաբերյալ: Այս առումով ավելի հանգամանալից ներկայացվեց Ստեփանավան քաղաքի փորձը:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը Հայաստանի առաջին քաղաքներից մեկն է, որ միացել է «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին, որն իրականացնում են Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմն ու ՀՀ տարածքային կառավարման և արատակարգ իրավիճակների նախարությունը` համագործակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի համակարգման գրասենյակի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայկական կարմիր խաչ ընկերության, Վորլդ Վիժն Հայաստանի և Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի: Արդյունքում Ստեփանավանում ձևավորվել է քաղաքի համայնքային դիմակայունության թիմ (ՀԴԹ), քաղաքի դիմակայունության 10 հիմնարար ուղղությունների հիման վրա մշակվել քաղաքի դիմակայունության գործողությունների պլան, որը ներառվել է քաղաքի զարգացման ծրագրում: Իսկ Ստեփանավանի «Լոռէ» փրկարար ջոկատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է Ստեփանավան քաղաքին սպառնացող վտանգներն ու ռիսկերը, ինչպես նաև մասնագետների կողմից մշակվել դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկությունների փաթեթ: Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային կոնֆերանսի ընթացքում Ստեփանավանը քաղաքի դիմակայունության գործողությունների օրինակելի պլան և ռազմավարություն ունենալու համար ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից պարգևատրվեց Քաղաքի «Դերային մոդել» վկայականով` համալրելով «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավին միացած աշխարհի 2500 քաղաքներից այն 45 քաղաքների շարքը, որոնք համաշխարհային այդ կոնֆերանսում տարբեր անվանակարգերում ճանաչվեցին հաղթող քաղաք: Ստեփանավանը լավագույն, օրինակելի քաղաք ճանաչվեց նաև որպես ավտոմատացված և էներգախնայող գիշերային լուսավորություն ունեցող քաղաք, որը լուսավորաված է գրեթե ամբողջությամբ (90%-ով` ներառյալ քաղաքի ծայրամասերը):
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրին (ՄԱԶԾ)`ակտիվ համագործակցության համար, ընդգծելով, որ նախքան ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից ղեկավարվող «Քաղաքների դիմակայունության» քարոզարշավը, ՄԱԶԾ-ն ակտիվորեն աջակցում էր Ստեփանավանին և այլ քաղաքներին նույնպես քաղաքի դիմակայունության գործողությունների պլանը իրականացնելու գործում:
ԱՌՆ համաշխարհային կոնֆերանսի շրջանակներում մարտի 15-ին Հայաստանի պատվիրակությունը հանդիպեց Ռաստիսլավ Վրեբենսկիի (Ստամբուլի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, ՄԱԶԾ Եվրոպա և ԱՊՀ) հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) անունից հայաստանյան պատվիրակությունն իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԶԾ-ին` երկար համագործակցության համար, երկրում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) մշակույթի ներդրման և պահպանման համար`մասնավորապես ընդգծելով երկրի ձեռքբերումները Հյոգոյի գործողությունների ծրագրի իրականացման ժամանակահատվածում, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարումը, ԱՌԿ ապակենտրոնացումը, ռիսկի գնահատումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այլն ՝ որպես այս համագործակցության գլխավոր արդյունք: ՏԿԱԻ նախարար պրն. Արմեն Երիցյանի անունից պատվիրակությունը հրավիրեց պրն. Վրեբենսկիին Հայաստան՝ հանդիպելու ազգային գործընկերներին և ծանոթանալու ծրագրերին: Պրն. Վրեբենսկին շնորհակալություն հայտնեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանին և Ստեփանավանի քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանին գերազանց համագործակցության համար, նշելով ՄԱԶԾ-ի և ազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքը, Հայաստանի ձեռքբերումներն ԱՌՆ ոլորտում, ինչպես նաև` որպես <<դերային մոդել>> այլ երկրների հետ փորձի փոխանակման համար: ԱՌՆ բաղադրիչը դիտվեց որպես մի ուղղություն, որտեղ Հայաստանը կարող է ունենալ մեծ ձեռքբերումներ, դառնալ <<դերային մոդել» և փորձը փոխանակել այլ երկրների հետ: Կոնֆերանսի շրջանակներում մարտի17-ին կայացավ Հայաստանի պատվիրակության հանդիպումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Թեդ Չայբանի հետ հանդիպման ընթացքում ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը կարևորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի անգնահատելի ներդրումը դպրոցների անվտանգության հայեցակարգի զարգացման գործնթացում («Անվտանգ դպրոց» հայեցակարգ), ինչպես նաև ակտիվ ներգրավվածությունը ԱՌՆ թեմատիկ խմբերի գործունեությունում: Նա առաջարկեց ընդլայնել ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի ծրագրերի գործունեության շրջանակը` դիտարկելով երեխաներին` որպես ապագայում աղետներին դիմակայուն միջավայր ստեղծողների, և այս առումով որպես մի «յուրահատուկ բանկ», որտեղ յուրաքանչյուր ներդրում կլինի «բարձր շահութաբերությամբ ավանդ»: Նա առաջարկեց, հաշվի առնելով Ազգային պլատֆորմի գործունեությունը, Հայաստանը դիտարկել որպես բարենպաստ միջավայր, որտեղ կարելի է իրականացնել պիլոտային ծրագրեր և սպասել իրական, շոշափելի անդյունքների, որոնք ապագայում կիրականացվեն քույր երկրներում:
Ստեփանավանի քաղաքապետ Մ.Ղարաքեշիշյանն, իր հերթին, կարևորեց յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ նաև երեխաների դերը և մասնակցությունը քաղաքի զարգացման գործում և հասարակական կյանքում: Նա նաև նշեց դպրոցների անվտանգության կարևորությունը և շարունակվող վերակառուցման աշխատանքները, Ստեփանավան քաղաքի դպրոցների սեյսմակայունությունն ապահովելու համար: Հանդիպման ընթացքում կարևորվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դերը երկրում ԱՌՆ կրթության տեսանկյունից, որի մասնաճյուղը գործում է նաև Ստեփանավան քաղաքում,ինչպես նաև Հայաստանի կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության փայլուն օրինակը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի ղեկավար պրն. Չայբանը շնորհակալություն հայտնեց ազգային գործընկերներին հանդիպաման և ակտիվ համագործակցության համար: Հետագա համագործակցության համար նա նշեց հետևյալ երեք ուղղությունները.
1. Երեխաների ակտիվ ներգրավվածությունը և մասնակցությունը ԱՌՆ ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում:
2. «Անվտանգ դպրոց» մոդելի զարգացման գործում երեխաների մասնակցությունը (ոչ միայն դպրոցի մոդել, այլ նաև ուսումնական ծրագրեր, մեթոդաբանություն և այլն):
3. Երեխաներ, որոնք տուժել են դպրոցից դուրս, այսինքն՝ սոցիալական պաշտպանվածություն, անվտանգ ցանցեր, ռիսկերին դիմակայող ջրային համակարգեր և այլն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի ղեկավար Թեդ Չայբանը գոհ էր՝ տեսնելով կառավարության հետ համագործակցությունը և տարբեր շահագռգիռ կողմերի, գործակալությունների ակտիվ ներգրավվածությունը երկրում ԱՌՆ մշակույթի զարգացման գործում: Մայիս ամսին ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերները կայցելեն Ստեփանավան` տեղում ծանոթանալու քաղաքի ռեսուրներին ու ռիսկերին, ինչպես նաև մշակելու հետագա համագործակցության ծրագրերը:

Հասցե`   ՀՀ   Լոռու մարզ, 1901 ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Հեռախոս`  (374256)22233   (374256)22188     Ֆաքս`  (374256)22233
Էլ.փոստ`   stepanavan.lori@mta.gov.am

Created by Mariam Movsisyan

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ stepanavan.am